Հունիսի 20-22_ին Միջին դպրոցում իրականացվեց ՙՙՄուտք կրթահամալիր՚՚ սովորողների ճամբար, որին մասնակցում էր 20 սովորող: Առաջին օրը՝ ծանոթանալուց հետո, շրջեցինք Մայր դպրոցով, որից հետո այցելեցինք Ինժեներա-տեխնիկական ստեղծագործության լաբորատորիա. այստեղ ընկեր Գնելը ճամբարականներին ծանոթացրեց Եռաչափ տպիչների աշխատանքին եւ ներկայացրեց իրականացվող աշխատանքների ընթացքը: Ընկեր Զարինեն և ընկեր Արշակը ճամբարականների հետ անցկացրեցին մաթեմատիկական խմբային խաղեր, որից հետո գնացինք խեցեգործարան, որտեղ պարզեցինք, որ սովորողներն առաջին անգամ են աշխատում կավով, ինչն ավելի տպավորիչ դարձրեց գործունեության ընթացքը: Օրվա ավարտին կիսվեցին տպավորություններով: Երկրորդ օրը սկսեցինք ուրախ մաթեմատիկայով, որն անցկացրեց ընկեր Հասմիկը: Ընկեր Քրիստինեի հետ անցկացրած առողջագիտական վիկտորինայի ընթացքում ճամբարականները ձեռք բերեցին առողջագիտական գիտելիքներ և հմտություններ: Մարմարյա սրահում ընկեր Մերիի հետ սովորեցինք ազգային պար՝ Գյովնդ: Օրն ավարտեցինք կենտրոնական ընթերցասրահում, որտեղ ընկեր Մերին ճամբարականներին ծանոթացրեց կրթահամալիրի հիմնական ուսումնական գործիքի՝ բլոգի օգտագործման առանձնահատկություններին, ինչից հետո հրապարակվեցին ճամբարականների առաջին պատումները: Երրորդ օրը ընկեր Շուշանի հետ այցելեցին Խաղողի և գինու դպրոց: Օրվա մեծ մասն անցկացրեցինք Ուսումնական ագարակի լողավազանում: